Տեխնոլոգիաները մեզ օգնում են արագացնել և օպտիմալացնել աշխատանքային պրոցեսները, բայց երբեմն, ավտոմատացումը կարող է բերել ոչ միայն ավտոմատ հաջողության, այլև ավտոմատ ձախողման… 😬
Մեր ընկերությունը որոշում էր կայացրել ներդնել հավաքագրման ավտոմատացված համակարգ, որը կպարզեցներ և կհամակարգեր հավաքագրման ողջ գործընթացը։
Համակարգը նոր էր՝ գործարկումից անցել էր ընդամենը մեկ ամիս, իսկ ցանկացած նորարարության դեպքում, սկզբնական փուլն անխուսափելիորեն ուղեկցվում է փոքրիկ մարտահրավերներով, որոնք, ի վերջո, վերածվում են արժեքավոր փորձի (և երբեմն՝ նաև զվարճալի պատմությունների)։
📌 Ի՞նչ պատահեց
Մեր HR թիմը զբաղված էր կարևոր հաստիքի հավաքագրման գործընթացով։ Ընտրության ընթացքում չդիտարկված թեկնածուներին պետք է ուղարկվեին ավտոմատացված մերժման նամակներ, որոնք, բնականաբար, պետք է լինեին անհատականացված՝ ճիշտ անուններով և տվյալներով։
Սակայն, տեխնիկական աննշան սխալը և ավտոմատացման համակարգի նոր ներդրման արդյունքում որոշակի փորձառության պակասը հանգեցրին անակնկալ արդյունքի…
Պատկերացրեք՝ բոլոր թեկնածուները ստանում են նույն մերժման նամակը՝ ուղղված Նարինե Քոչինյանին, մոտավորապես այս բովանդակությամբ 😳
📩 «Հարգելի՛ Նարինե Քոչինյան
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր հետաքրքրության և թիմին միանալու ցանկության համար։ Ցավոք մենք որոշում ենք կայացրել շարունակել այլ թեկնածուի հետ …»
Պատկերացնու՞մ եք տղաների դեմքերը։
Եվ վերջում
📌 Հարգանքով՝
ՄՌԿ մասնագետ
Նարինե Քոչինյան
📌 Ինչպե՞ս լուծեցինք
✔ Շտապ արձագանք – Մեր HR թիմը անմիջապես կապվեց բոլոր թեկնածուների հետ՝ անհատապես զանգահարելով ներողություն խնդրեց և մանրամասն բացատրեց իրավիճակը։
✔ Հետևանքների կառավարում – Մենք անկեղծորեն պարզաբանեցինք, որ դա մեր կողմից թույլ տված պատահական սխալ էր համակարգում, և այն չի ազդել մեր հավաքագրման գործընթացի վրա։
✔ Միևնուն սխալներից ապահովագրում – Դասեր քաղելով այս միջադեպից՝ ներդրեցինք կրկնակի ստուգման ընթացակարգ՝ յուրաքանչյուր ավտոմատ նամակ նախքան ուղարկվելը, առաջինն ուղարկվում է մեր թիմին փորձնական տարբերակով, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է, և նման սխալներ այլևս չեն կրկնվի։
📌 Ի՞նչ սովորեցինք
🔹 Տեխնոլոգիան հիանալի է, բայց այն պետք է վերահսկել։
🔹 Ավտոմատ HR գործընթացները երբեք չպետք է 100%-ով թողնել համակարգին՝ առանց ստուգման։
🔹 Ներողություն խնդրելը շատ ավելի լավ է, քան անտեսել սխալը։
Ու վերջում՝ սա ևս մեկ հիշեցում էր, որ HR-ը միայն թվեր ու պրոցեսներ չեն, այլ՝ մարդիկ, որոնց հետ շփումը պիտի լինի անհատական։